ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի է ունեցել Հոգեբանների միջազգային խորհրդի անդամ, Երեւանի գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «ՈՒրարտու» համալսարանի հիմնադիր ռեկտոր, «Հայաստանի գործնական հոգեբանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Ա. Սեդրակյանի «Ընտանիքի հոգեբանություն» մենագրության շնորհանդեսը, որը հրատարակել եւ տպագրել է «Նոյյան տապան» տպագրատունը: Նա հեղինակ է շուրջ 140 գիտական ուսումնամեթոդական հրապարակումների, այդ թվում «Քաղաքական հոգեբանություն» (Երեւան 2002), «Կառավարման հոգեբանություն» (Երեւան 2004 ), «Պետական կառավարման եւ ինքնակառավարման հոգեբանական հիմնահարցեր» (Երեւան 2010) աշխատությունների:


Գրքի շնորհանդեսին ներկա էին Երեւանի Ավետիք Իսահակյան անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանը, գրքի խմբագիր Ռոբերտ Փոլադյանը եւ հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հ. Մ. Ավանեսյանը:


Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը, որի գնահատմամբ, սա հիանալի մի գիրք է, որը հասցեագրված է ոչ միայն հոգեբաններին, այլեւ ընտանիքներին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են ընտանիքի հիմնահարցերով: Ըստ Հ. Կարապետյանի, այս գիրքը լուրջ հայտ է հոգեբանության բնագավառում:
Հյուրերից յուրաքանչյուրը շնորհավորեց գրքի հեղինակին` ցանկանալով նրան նորանոր ստեղծագործական հաջողություններ:


Իր հերթին Ս.Սեդրակյանը շնորհալաություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցել են իրեն այս գրքի ստեղծման գործում, եւ տեղեկացրեց, որ այս գիրքը Մոսկվայի «Լոմոնոսովի» անվան համալսարանում թարգմանվել է ռուսերեն, եւ 2011 թվականից այն որպես դասագիրք կկիրառվի կրթական օջախներում: Ըստ Ս. Սեդրակյանի. սա մի գիրք է, որտեղ համակողմանի մեթոդաբանական վերլուծության են ենթարկվում ընտանիքի հոգեբանության գրեթե բոլոր առանցքային հարցերը: Նա նշեց նաեւ, որ գրքում ուրույն տեղ է հատկացված ընտանիքի ստեղծման եւ կենսագործունեության օրինաչափություններին, ներընտանեկան կառուցվածքային հարաբերությունների եւ բախումների, ամուսնալուծության հիմնախնդիրներին: